Բաց Բաժնետիրական Ընկերություն
Պատմական բոլոր ժամանակներում հայկական գորգերը բավականին հանրահայտ են եղել և մեծ պահանջարկ են վայելել ամբողջ աշխարհում: Հայկական աշխարհի ամեն մի բնակավայր ունեցել է իր բնությունն ու մարդկանց էությունը բնորոշ զարդանախշեր, որոնք արտացոլվել են տվյալ բնակավայրում գործված գորգերի մեջ:
Ներկայումս հայկական գորգագործության լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն է հանդիսանում Երևանում գործող «Արմ Կարպետ» ԲԲ Ընկերությունը, որը ոչ միայն փորձում է պահպանել ու վերարտադրել հայկական պատմական գորգերը` իրենց անվանումներով ու բնորոշ զարդանախշերով, այլև հետ չմնալ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող դինամիկ զարգացումներից` գորգարտադրության մեջ կիրառելով այդ բնագավառի նորագույն մեթոդներն ու կառավարման ձևերը:
«Արմ Կարպետ» ԲԲ Ընկերությունը ստեղծվել է 2002 թվականին` Խորհրդային Միության ժամանակահատվածում (1924 թվականին) հիմնադրված <<Հայգորգ>> ընկերության հիման վրա: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվում էր միայն ձեռագործ գորգերի արտադրությամբ, իսկ սկսած 2007 թվականից` նաև մեքենայական գորգերի արտադրությամբ: Ընդ որում պետք է նշել, որ հայաստանյան շուկայում ընկերությունը միակն է, որը զբաղվում է մեքենայական գորգերի արտադրությամբ և թե գնային, թե որակական առումներով բավականին հաջողությամբ մրցակցում է ներկայումս աշխարհում գորգագործության ոլորտում մեծ ճանաչում ունեցող երկրների արտադրանքի հետ: «Արմ Կարպետ» ԲԲ Ընկերության արտադրած գորգերը բավականին որակյալ են, էկոլոգիապես մաքուր, ունեն բարձր խտություն, բազմագույն և բազմազան են, հեշտ լվացվում են և երկար տարիներ պահպանում են իրենց յուրահատուկ տեսքն ու գույները: Արտադրության մեջ օգտագործվում է բարձրորակ հումք` բամբակյա, բրդյա և սինթետիկ թելեր: Արտադրված գորգերը կարող են օգտագործվել ինչպես բնակարանների, գրասենյակների, այնպես էլ հյուրանոցային համալիրների և այլ շենքների ու շինությունների ներքին կահավորման համար:
“Արմ Կարպետ» ԲԲ Ընկերությունը առաջիկա ժամանակահատվածում նախատեսում է նաև ողջ Հայաստանի տարածքում իրականացնել բրդի մթերումներ: Մթերված հումքի մի մասը կարտահանվի Ռուսաստան, որի վերաբերյալ արդեն բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ, իսկ մյուս մասը կօգտագործվի բրդյա թելերի արտադրության մեջ: Սեփական արտադրության թելերի օգտագործումը գորգագործության մեջ կնպաստի արտադրանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև ինքնարժեքի նվազեցմանը` դարձնելով արտադրանքն առավել մրցունակ ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան շուկաներում:
Նշենք նաև, որ ընկերությունը ունի արտահանման բավականին մեծ ներուժ և ներկայումս հաջողությամբ գործում է ֆրանսիական և ռուսական շուկաներում: Բացի այդ, աշխատանքներ են տարվում արտահանման ուղիները և ծավալները էականորեն ավելացնելու ուղղությամբ: